Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի տարածքում, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ իրականացվելիք զորավարժության ընթացքում օգտագործվելու են ավիացիայի համակարգերը, հակաօդային պաշտպանությունը, հրթիռային և հրետանային զորքերը, այդ թվում՝ նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխանող զրահատեխնիկա։
Զորավարժությունների ընթացքում ստուգվելու է Նախիջևանում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը, տեղի է ունենալու մարտական տեխնիկայի կիրառման ուսուցում, ինչպես նաև ժամանակակից զենքերի կիրառում, հանձնարարականների ավելի օպերատիվ և արդյունավետ իրականացում, փոխգործակցության կազմակերպում ու ապահովում, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվելու մարտական գործողությունների տարբեր փուլերում տրված հանձնարարականների կատարմանը։