Հունվարի 25-ից Կենտրոնի և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի քննվել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող երեք անձանց և այդ մասին տեղյակ լինելու և իրավապահ մարմիններին չտեղեկացնելու մեջ մեղադրվող մեկ անձի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Այս մասին տեղեկացնում են դատական տեղեկատվական համակարգից։
Այսպիսով, Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց։
Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից:
Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաև Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին հավաքագրելու նախապատրաստության, այն է` նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Գործը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը: