Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանն այժմ խուճապի մեջ է․ քաղաքագետ

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբը հյուրընկալել էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին։ Մասնագետն անդրադարձավ տարածաշրշանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերություններին։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն այժմ մեծ ռեսուրսներ է ծախսում՝ Սիրիայում վարած պատերազմի պատճառով։ Դրան գումարվել է նավթի գնի անկումն ու ռուբլու արժեզրկումը։

Նավթի գնի անկումը, բնականաբար, իր ազդեցությունն է թողել նաև Ադրբեջանում․ «Նավթի գնի անկումը կոլապսի մեջ է գգել Ադրբեջանին։ Այս հանգամանքն ազդել է և՛ տնտեսության, և՛ քաղաքականության վրա։ Դեկտեմբերին Թուրքիայում էի։ Այնտեղ ևս իրավիճակը հարթ չէ։ Շատերը կարծում են, որ Ադրբեջանը հարուստ երկիր է, բայց պետք է նշեմ, որ Ադրբեջանում կա ականհայտ շերտավորում։ Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի տնտեսական վիճակը բավականին վատ է։ Ինչպես հայտնի է, մանաթն արժեզրկվել է։ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը բնականաբար, վտանգ է ներկայացնում այնտեղի ռեժմի համար։ Բացի այս՝ Ադրբեջանում գնալով ավելանում է սուննիների քանակը, իսկ այս հանգամանքն Ադրբեջանը լավ գիտակցում է։ Ադրբեջանն այժմ խուճապի մեջ է։ Բայց, այսուհանդերձ, ռեժիմի ներսում ակնառու փոփոխություններ չեն լինի»։

Անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկմանը՝ քաղաքագետը նշեց․ «Ռուբլու արժեզրկումն, անշուշտ, բացասաբար կազդի հայկական շուկայի վրա։ Մեր երկիր եկող տրանսֆերների մեծ մասը գալիս է Ռուսաստանից։ Դրանք նվազելու են։ Բացի այդ՝ ռուբլու արժեզրկումը մեծապես կազդի նաև մեր շուկայի դինամիկ զարգացման վրա։ Կարծում եմ՝ ռուբլին շարունակելու է անկում ապրել։ Պետք է ասեմ, որ Ղրիմի ու Սիրիայի հետ կապված՝ Ռուսաստանը մեծ գումարներ ծախսում։ Այս հանգամանքը պետք է կարևորել։ Այսուհանդերձ, ուզում եմ նշել, որ մեր երկրում իրավիճակը համեմատաբար կայուն է, քան հարևան երկրներում։ Համեմատաբար կայում վիճակում է գտնվում նաև մեր ազգային արժույթը։ Դա մեծապես կապված է նրա հետ, որ մեր երկրում նավթարդյոնահանություն չկա»։

Նույն շարքից