Հայաստան 

Ադրբեջանն իրեն խայտառակում է. Վահան Շիրխանյան

Իր դիվերսիոն գործողություններով Ադրբեջանն իրեն խայտառակում է միջազգային հանրության առաջ և կորուստներ տալիս: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Անդրադառնալով սահման լարվածությանը՝ նա նշեց, որ ոչ ոք չի կարող բացառել պատերազմի հավանականությունը, ապա ավելացրեց, որ Հայաստանն Ադրբեջանի ոտնձգություններին տալիս է համարժեք պատասխաններ:

Ըստ նրա՝ այս լարվածությունը կավարտվի, երբ պատերազմի արդյունքները ամրագրվեն քաղաքական և դիվանագիտական դաշտում և Ադրբեջանի հետ համապատասխան պայմանագիր կնքվի, որով վերջինս կճանաչի ԼՂՀ–ն։

«Մենք զիջելու տեղ չունենք և պետք է պահենք այն, ինչ ունենք և հաղթենք: Մի՛ կարծեք, թե հաղթանակն անհնարին է, Ադրբեջանի առանձին դիվերսիոն հարձակումները ոչինչ իրենց չեն տալիս բացի խայտառակվելուց և կորուստներ ունենալուց, որովհետև մեր պաշտպանական դիրքերը շատ ամուր են»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը հաջողության հասնելու ոչ մի շանս չունի:

«Պատմությունը կրկնվում է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք»,- ասաց Վահան Շիրխանյանը և նշեց, որ Ադրբեջանն անում է այն, ինչը չի կարող անել, որովհետև նախ խնդիր ունի Ղարաբաղը հետ վերցնել և իրեն դա պարտադրում են արտաքին ուժերը՝ առաջնահերթ Թուրքիան: 

«Թուրքիան ամեն կերպ աշխատում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանին և իր բարեկամներին ձեռնտու չէ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:

Նույն շարքից