Հայաստան 

Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:


Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆալուլտետի ուսանողները եւ դասախոսները: Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65-ամյակի եւ ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով աշխատանքում եւ ուսման մեջ:


Պատգամավորները շարունակել են քննարկել Հանրային հեռուսառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը եւ ներկայացնել իրենց տեսակետները: Թեւան Պողոսյանն առաջարկել է ծրագրում ներառել նաեւ չիրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա պատկերացում կազմելու նաեւ դրանց խնդիրների, ֆինանսական մեխանիզմների եւ խոչընդոտների մասին: Խոսրով Հարությունյանը կարեւորել է ծրագրում օրենսդրական լուծում պահանջող խնդիրների ներառումը: Նրա գնահատմամբ՝ հանրայինը պետք է առաջնորդվի ՀՀ քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու սկզբունքով: Արտակ Զաքարյանը խնդրին անդրադարձել է ազգային անվտանգության համատեքստում՝ նշելով, որ հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահված է տեղեկատվական անվտանգության ապահովումը: Միքայել Մելքումյանը խոսել է կառավարման համակարգի արդյունավետությանն ուղղված խնդիրների շուրջ: Դրական գնահատելով հանրայինի գործունեությունը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորել է համահայկական խնդիրներ ներկայացնող եւ առանձին քաղաքական հաղորդումների պատրաստումը, լարային ռադիոցանցի վերաբացումը եւ վերազինումը: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերության առաքելությունը հանրությանը հուզող արդի խնդիրներին արագ արձագանքումը պետք է լինի, ինչը հանրայինը լիարժեք չի իրականացնում:


«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովում քննարկումների արդյունքները, նշել է, որ որոշվել է բյուջետային քննարկումների ժամանակ առաջարկել կառավարությանը ավելացնելու հանրայինի բյուջետային միջոցները: Կարեւորելով հասարակական կարծիքի ձեւավորման հարցում հանրային հեռուստաընկերության դերը՝ նա անդրադարձել է նաեւ կառույցի խնդիրներին, հաղորդումների որակին ու բովանդակությանը, բանավիճային նախագծերի իրականացման կարեւորությանը:


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել է հնչեցված առաջարկներին ու դիտողություններին:


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաղորդումն ընդունվում է ի գիտություն:


«2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ներկայացրել է արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության, էներգետիկայի, դատախազության, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թերություններն ու խնդիրները, արձանագրված դրական քայլերը եւ խոսել առաջարկների մասին: Նա նշել է, որ զեկույցում շուրջ 200 համակարգային խնդիրներ են բարձրացված, փորձ է արված հասարակությանը եւ քաղաքական բոլոր ուժերին հուզող խնդիրներին անդրադառնալ:

Նույն շարքից