«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այն, որ նախագծին պետք է տալ դրական եզրակացություն միանշանակ է, բայց նկատեց, թե այն զուտ իրավիճակային լուծում է տալիս:
Նա պահանջեց հարցին ավելի գլոբալ լուծում տակ:
«Առաջարկում եմ Կորյուն Նահապետյանին (ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ) լուրջ քննարկում կազմակերպել այս խնդրի վերաբերյալ։ Միգուցե արժե բարձրացնե՞լ շեմը, որովհետև ինձ հանդիպել են դեպքեր, երբ երիտասարդները բանակից խուսափելու համար անգամ իրենց երիկամների մեջ այնպիսի հակաթույներ են ներարկում, որպեսզի կարողանան բժշկական կոմիսիաներով ճանաչել ոչ ենթակա: Բայց մենք նաև գիտենք, թե որտեղ և ինչպիսի ջերմոցային պայմաններում են ծառայում, բոլոր, կրկնում եմ, առանց բացառության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, եթե իհարկե նրանք ընդհանրապես ծառայում են»,-ասաց նա և նշեց, թե հարցը լուրջ սոցիալական դժգոհության պատճառ է:
Նախագծի հարակից զեկուցող, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե հենց այդ նկատառումով էլ հանձնաժողովը նպատակ ունի ձևավորել աշխատանքային խումբ:
«Համաձայն եմ, որ ընկնել ենք՝ տեսնենք, թե ութ տարի առաջ ով ինչպես է խուսափել, երբ այսօր են խուսափում: Հենց այսօր է, որ մարդը 8 տարեկան երեխաների համար թղթեր է պատրաստում, որ 16 տարեկան դառնա, հիվանդության պատմություն ստեղծեն, որ ազատվի»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, որ չի ցանկանում թվարկել այն հիվանդանոցների անունները, որտեղ գիտի, թե 7-8 տարեկան տղա երեխաների համար ինչպիսի դոսիեներ են պատրաստում, հիվանդության չեղած պատմություններ, որպեսզի 18 տարին լրանալով՝ բանակից ազատելու փաթեթ պատրաստեն:
«Այո, կոնկրետ ես ունեմ կոնկրետ օրինակներ կոնկրետ հիվանդանոցների, որտեղ տասնյակ, հարյուրավոր դոսիեներ են բացվում արական սեռի երեխաների համար, որպեսզի հետագայում ալիբի ունենան բանակից ազատվելու չեղած հիվանդությունների համար»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը լրացրեց, թե սահմանին վերջին շրջանում տասնյակ զոհերը նույն խնդիրն են փաստում:
«Գիտե՞ք սոցցանցերում ինչ հարց է քննարկվում, թե մահացածներից ոչ մեկը գոնե միջին կարգի ապրող ընտրանքից չէ, բոլորը ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են, այդ հարցն է քննարկվում: Չեմ հասկանում, այն ասացվածքը իրականությո՞ւն է դարձել, թե հայրենիքն աղքատինն է միայն պատերազմի ժամանակ: Սա անընդունելի է և չի կարող շարունակվել, որ հասարակության մեջ շերտեր կամ կաստաներ ձևավորվեն, բանակում ծառայողների ու չծառայողների համար»,-ասաց նա:
Նման ելույթներից հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը, ով պահանջեց Նաիրա Զոհրաբյանից օրինակներ բերել: Նա բացառեց նման դեպքերը, թե հիվանդանոցները նման քայլի են գնում, քանի որ, ըստ նրա, օրենսդրությունը դա ուղղակի թույլ չի տալիս:
«Բոլոր նախաքննությունները, քննությունները առանձնացված են և զորակոչի ժամանակ էլ առանձնացված են: Մենք ունեք հստակ մեխանիզմներ»,-ասաց նա և նշեց, թե անձամբ ծանոթ է նախարարի մոտեցումներին, որ եթե երեխան հիվանդ է, անիմաստ է մարդու իրավունքը խախտել՝ տանել բանակ և բանակը ծանրաբեռնել հիվանդ երեխայի զորակոչով:
«Բայց գիտենք, որ որևիցե շինծու թղթով չենք կարող երեխային ազատել բանակից: Եթե կան, ներկայացրեք, օգնենք մեր քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու նախարարությանը՝ ճիշտ ուղղությամբ գնալ»,-ասաց նա: