Ազգային ժողովը քննարկում է «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է կարգազանց պատգամավորների համար համապատասխան պատիժներ սահմանելուն: Ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն
ընդգծեց, թե առաջարկվում է սահմանել, որ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր նիստերի ընթացքում կաղմկեն, թույլ կտան վիրավորաիկան արտահայտություններ, չեն ենթարկվի նիստը վարողի ցուցումներին: «Որպես պատիժ առաջարկում ենք սահմանել, որ այդ պատգամավորների նկատմամբ պետք է կիրառվեն հետևյալ պատիժները: Նիստը վարողը պետք է անջատի կարգազանց պատգամավորի խոսափողը, նրան զրկի այդ օրը խոսափողով խոսելու իրավունքից, դուրս հանի դահլիճից և մեկ օրով զրկի նիստերի դահլիճում գտնվելու հնարավորությունից, իսկ առավել ծանր խախտման դեպքում նիստերի դահլիճ մտնելու հնարավորությունից զրկի 6 օրով»,- ասաց Փոստանջյանը:
Այնուհետև Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է նաև պատիժ սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կքվեարկեն ուրիշի փոխարեն: «Մենք առաջարկում ենք, որպեսզի նման դեպքերում նիստ վարողը հանցագործության վերաբերյալ համապատասխան հաղորդում ներկայացնի ոստիկանություն »,- նշեց նա:
Փոստանջյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ, սակայն, բոլոր խնդիրները չեն կարգավորվում: Դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Փոստանջյանը նշեց, որ հարկավոր է ևս մե օրենքի նախագիծ մշակել նիստը վարողների վերաբերյալ: «Պարո՛ն Շարմազանով, դուք ընդհանրապես ռեկորդակիր եք պատգամավորների խոսափողերն անհիմն անջատելու առումով: Ես կարծում եմ, որ մենք մեկ օրինագիծ էլ պետք է մշակենք նիստը վարողներին պատժելու վերաբերյալ, երբ նրանք անհիմն կերպով կանջատեն պատգամավորի խոսափողը»,- նշեց Փոստանջյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով Փոստանջյանի դիտարկմանը, նշեց, որ ինքը կողմ է, որպեսզի կարգազանց պատգամավորները կամ նիստ վարողները պատժվեն: «Սակայն ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք ձեր անձնական կարծիքը չփորձեք ճմշմարտության տեղ անցկացնել և մեզ օրենքի խախտումների մեջ մեղադրել: Իհարկե, եթե կարգ ենք խախտել, բոլորս՝ այդ թվում ես, պետք է պատժվենք»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը: