Ազգային ժողովում տեսախցիկների տեղադրումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով:
«Դրանք տեղադրվելու են ոչ միայն շենքի ներսում, այլև ԱԺ ամբողջ տարածքում: Դա մեր անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է, սակայն, ֆինանսավորման բացակայության պատճառով մի քանի տարի հնարավոր չէր ապահովել դրա իրականացումը: Այժմ համապատասխան գումարը հատկացվել է, ուստի և այդ աշխատանքները սկսել ենք իրականացնել և կավարտենք մի քանի ամսվա ընթացքում»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Ի պատասխան հարցի, թե ինչ-որ վերլուծության հիման վրա է որոշվել տեսախցիկների տեղադրումը, Գուրգեն Դումանյանն ասաց.«Ինչպես գիտեք՝ բոլոր պետական մարմիններում այդ համակարգերը վաղուց գործում են, խոսքը վերաբերում է հատկապես այն պետական մարմիններին, որոնք օրենքի ուժով համարվում են պետական պահպանության օբյեկտներ: Ազգային ժողովը ևս գտնվում է պետական պահպանության ներքո»:
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում շրջանառվում էր նաև, թե ԱԺ-ում ամենուր տեղադրված են գաղտանլսող սարքեր, ինչը ժամանակին հերքվել էր:
Ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ նույն հատկացումների շրջանակներում նաև «լսող» սարքերն են տեղադրվում՝ կրկին անվտանգության նկատառումներով, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց.«Բնականաբար, ոչ»:
Սկզբնաղբյուրը՝ tert.am