Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով ներկայացրեց, որ սա վաղուցվա խնդիր է և առաջարկվում ՀՀ-ում սահմանել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:
«Երբ հանվել է այս կոչումը, դա արվել է այն պատճառով, որ ենթադրել են, որ տնտեսության բոլոր ճյուղերի մասնագետները կմիավորվեն վաստակավոր գործչի պատվավոր կոչման շրջանակներում»,-ասաց նա և նշեց, որ հարևան երկրները պահպանել են այս կոչումը, և շինարարները արդարացի տարիներ շարունակ այս հարցը բարձրացրել են: Նա նշեց, որ իրենց այս հարցով դիմել է Շինարարների միությունը:
ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը նշեց, որ եվրոպական երկրներում չկա այդպիսի մոտեցում:
«Ժամանակը չէ՞ հրաժարվել խորհրդային այս պրակտիկայից»,-ասաց նա: Ըստ նրա՝ սա հակասում է կառավարության կողմից ընդունած համամարդկային մոտեցումներին:
«Այսինքն` լավ ճարտարապետ կամ լավ շինարար լինել, չի նշանակում լինել պատվավոր, կամ ժողովրդական: Մի քիչ վիրավորական է, կարծում եմ, այս ամեն ինչը»,-ասաց նա:
Նարեկ Սարգսյան նշեց, որ ընդհանուր առմամբ կոչումների վերաբերյալ ունի իր անձնական կարծիքը, և շատ դեպքերում հնարավոր համարեց Ալիկ Արզումանյանի հարցադրումների հետ համաձայնել: Նա նշեց, որ քանի որ Հայաստանում կա ժողովրդական նկարիչ, ժողովրդական, արտիստ, վաստակավոր նկարիչ, վաստակավոր մանկավարժ, լրագրող և այլն, որպես համակարգի լիազոր մարմնի ղեկավարի՝ շինարարներն իրեն դիմել են այդ հարցում, և ինքը որոշել է պաշտպանել այս մոտեցումը:
Ալիկ Արզումանյանն ասաց, որ առաջիկայում կարող է մի այդպիսի օրինագիծ ներկայացնել նաև գյուղատնտեսության նախարարը, այնուհետև տրանսպորտի և կապի նախարարը` օրինակ պատվավոր տաքսիստ կոչման համար:
«Այս աբսուրդից ինչ-որ մեկը այդ օղակը պետք է կոտրի, ես կուզեի դուք առաջինը լինեք»,-ասաց նա: