ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի և Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել է հայերի կողքին: Նա բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների վաստակը միջխորհրդարանական կապերի ամրապնդման, օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու, համամարդկային արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած վճռականության համար: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանսիայի իշխանություններին Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ հավաստիացնելով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը եղել և մնում են բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ:
Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն հավաստեց, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հավատարմության ու շարունակականության ոգով են ընթանում, և դա է փաստում այն հանգամանքը, որ Ֆրանսիայում իշխանության փոփոխությունները երբեք չեն անդրադառնում երկու բարեկամ երկրների կայուն հարաբերությունների վրա:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու զարգացման խնդիրը, քննարկվեցին նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: