Քաղաքական 

ԱԺ փոխնախագահի արձագանքը՝ ԼՂՀ երկու շրջաններից դուրս գալու մասին

«Էլի նույն «Սաբահը», էլի նույն դիվանագիտական աղբյուրը, էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան»: Այսպիսին էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը՝  թուրքական «Սաբահի» հրապարակմանը՝ ԼՂՀ  երկու շրջաններից հայկական ուժերի դուրս գալու վերաբերյալ:

«Արդեն ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար իրենց ցանկությունները հրապարակ նետել «Սաբահի» միջոցով՝  հղում անելով ինչ-որ դիվանագիտական աղբյուրի: Բայց այս ամենի մեջ կա մի հետաքրքիր զարգացում: Եթե նախկինում «Սաբահի» դիվանագիտական աղբյուրը խոսում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան հինգ շրջաններից, ապա հիմա թուրք-ադրբեջանական ախորժակի շեշտակի նվազում է դիտվում եւ արդեն նրանց դիվանագիտական աղբյուրը խոսում է երկու շրջաններից դուրս գալու մասին: Եթե այս տեմպերով ախորժակի նվազում լինի, հաջորդ հրապարակման մեջ «Սաբահի» դիվանագիտական աղբյուրը կարող է տեղեկացնել, որ որեւէ շրջանից դուրս գալու խնդիր չկա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Հայաստանի Կառավարությունը Ադրբեջանի հետ ԼՂՀ խնդրով բանավոր համաձայնության է եկել ԼՂՀ երկու շրջաններից դուրս գալու վերաբերյալ: Թուրքիան էլ պահանջում է, որպեսզի Հայաստանը հանդես գա պաշտոնական հայտարարությամբ:

Նույն շարքից