ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի անդամները հուլիսի 24-ին անցկացրել են ուսումնական գործնական հերթական պարապմունքը: Պարապմունքի հիմնական նպատակն է եղել խոշոր հրդեհների ժամանակ ապահովել հրշեջ- փրկարարական տարբեր հաշվարկների միջև փոխհամաձայնեցված գործողությունների իրականացումը, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մեկ կենտրոնից իրականացնել բոլոր մարտական հաշվարկների ընդհանուր ղեկավարումը: Հատուկ հրշեջ ջոկատի գործնական պարապմունքին հետևել են ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանը:
Պարապմունքի պլանով նախատեսված է եղել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել խոշոր հրդեհի ժամանակ` մի քանի մարտական հաշվարկի ներգրավմամբ: Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ, հրշեջ-փրկարարներն իրականացրել են նաև այրվող շինության բարձր հարկերից հատուկ տեխնիկայի միջոցով քաղաքացիների տարհանման աշխատանքներ, տուժածներին ցուցաբերվել է առաջին օգնություն:
Հրդեհաշիջման համար նախատեսված հատուկ կռունկների օգնությամբ հրշեջ-փրկարարները շինության տարբեր բարձրություններում իրականացրել են հրդեհի մարման աշխատանքներ` ստացված հրահանգից հետո ջրի շիթերը տարբեր ռեժիմներով միաժամանակ ուղղելով հրդեհի միևնույն օջախին: Հրդեհի վերջնական մարումից հետո հրդեհաշիջման շտաբն ամփոփել է արդյունքները: