Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման համար։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերակատարությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում։
Նախարար Նալբանդյանը երախտագիտությունն է հայտնել իրանահայ համայնքի և Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Իրանի խորհրդարանում իրանահայ պատգամավորների ներկայությունը։
Ալի Քաիդին ներկայացրել է Իրանի մեջլիսի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի, դրա շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ: