«Սահմանադրական դատարանը հետ նահանջ է արձանագրել: Մենք գոհ չենք Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից»,-«Մեդիա կենտրոնում» «ՍԴ որոշում. կուտակային կենսաթոշակների որոշ դրույթներ հակասահմանադրական են. պարզաբանումներ, դիտարկումներ, գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով, Սահմանադրական դատարանը չի իրացրել իրեն ընձեռված լիազորությունները, գործը համակողմանի չի դիտարկել: Նրանք նշեցին, որ իրենք պատրաստ են շարունակել պայքարը միջազգային ատյանում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ակնկալիքները Սահմանադրական դատարանից ավելին էին. «Կարծում էի՝ Սահմանադրական դատարանը հետևողական կլինի իր իսկ կայացրած որոշումը կյանքի կոչելու համար՝ երկրում սկզբունքային համարվող սահմանադրականացումը իրականություն դարձնելու առումով»:
Նրա խոսքով, քաղաքացին չունի լեգիտիմ ակնկալիք, որ կենսաթոշակի անցնելիս գումարը կվերադարձվի:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց. «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը իմ մեջ կոնֆլիկտ է առաջացնում իրավունքի հիմնարար սկզբունքների հետ: Կան մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք բախվում են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ»: