Հասարակություն 

Ամբողջ կեղտը թափվում է միայն ԵՊՀ-ի ուղղությամբ. ԵՊՀ դասախոս

ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանն իր ՖԲ էջում գրում է.

«Որպես ԵՊՀ դասախոս ես էլ իմ կարծիքը հայտնեմ այսօրվա իրադարձությունների կապակցությամբ... Տպավորություններս չափազանց հակասական են: Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից թաքնված ներքին հպարտություն եմ ունեցել ԵՊՀ հանդեպ. գերազանցապես ԵՊՀ ուսանողությունն էր շարժման դրայվը ապահովում, այն դեպքում, երբ այլ բուհերի ուսանողներին անգամ ծպտուն հանել չէին թողնում.. Նույն կերպ, շարժման առաջին օրերից ուսանողների կողքին կանգնած դասախոսների մեծամասնությունը ևս ԵՊՀ իմ գործընկերն էին, առաջին բուհը, որ բացեց իր դռները շարժման առաջ էլի ԵՊՀ-ն էր.. Դա չի նշանակում, որ ես շատ գոհ եմ դասախոսի՝ այսօրվա իմ կարգավիճակից, ու որ ԵՊՀ-ն լիքը խնդիրներ չունի… Այդուհանդերձ, կարծել եմ և կարծում եմ, որ նախորդ տարիներին ստեղծված գաղջի մթնոլորտում ԵՊՀ-ն պետական բուհերի շարքում ամենառաջադեմն էր թե՛ քաղաքացիական գիտակցության, թե՛ ընթացակարգային թափանցիկության, թե՛ երկխոսության մշակույթի առումով: Հիմա նայում եմ լրահոսս, ամբողջ կեղտը թափվում է ԵՊՀ-ի ուղղությամբ, իսկ մնացած ԲՈՒՀ-երում տիրող ֆեոդալական բարքերից ոչ մի խոսք:

Ամենայն հավանականությամբ քաղաքական հայացքների համար ուսանողների վրա ճնշում գործադրելու դեպքեր եղել են, փաստերն էլ կան, բայց որպես փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, ով մասնակցել է վերջին տարիների գրեթե բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, պնդում եմ, որ քաղաքական հայացքների համար ոչ ինձ, ոչ էլ ֆակուլտետից որևիցե այլ դասախոսի կամ ուսանողի հանդեպ վերևից համակարգային ճնշումների դրվագների չեմ հանդիպել:

Հիմա շարժման 4 պահանջների և ընտրված գործիքակազմի մասին:

1. Ֆինանսական աուդիտ – անշուշտ: Սանասարյանը հայտարարել է, որ սկսելու է ԵՊՀ-ից, և ինձ համար շատ կարևոր է իմանալ, ինչքանով է իրավիճակը համապատասխանում պաշտոնական ներկայացումներին:

2. Հոգաբարձուների խորհրդի արմատական վերանայում – միանշանակ: Ռեկտորը հայտարարեց, որ այս հարցը կարող է լուծվել միայն կառավարության՝ համապատասխան որոշումների մակարդակում: Չհավատալու հիմքեր չունեմ:

3. ՈւԽ և Արհմիության ժամանակավոր կասեցում: Էդ ինչ մի կարևոր ընթացիկ գործերով է զբաղված ՈւԽ-ն, որ պահանջ է դրվում ոչ թե կառույցի արմատական վերանայման, այլ կասեցման վերաբերյալ: Կուզենայի իմանալ՝ ինչ-որ առաջարկներ են եղել ՈւԽ կապակցությամբ, որ ԵՊՀ ղեկավարությունը չի՞ ընդունել: Արհմիությունը, իրավամբ, երբեք չի եղել գործիք, որի միջոցով դասախոսները իրենց բողոքները կներկայացնեին գործատուին, բայց այդ նույն արհմիությունը ներկա պահին զբաղված է ԵՊՀ դասախոսների բժշկական ապահովագրության հարցերով: Ի՞նչն է խանգարում այստեղ ևս լուրջ վերանայել կառույցի տրամաբանությունը առանց ժամանակավոր կասեցման:

4. Ռեկտորի հրաժարական- հնարավոր է: Շատ բան է կախված աուդիտից, որովհետև ուսանողների՝ եվրոպական չափորոշիչներով արժանավայել կրթություն ստանալու պահանջը երևի թե պետք է հիմնավորված լինի նաև ԵՊՀ-ի՝ եվրոպական բուհերին համեմատական բյուջե ունենալով: Աուդիտը այստեղ շատ բան կպարզի ռեկտորի հետագայի պահով- կշարունակի կառավարել բուհը, կտա հրաժարական, թե կենթարկվի ասենք քրեական պատասխանատվության:
Հիմա հարց- այս կետերից որ մեկի հետ կապ ունի 40-50 հոգով գիտխորհրդի դահլիճ գրավելը, ռեկտորի դիմացը դուռ փակելը, կամ էլ հացադուլը: Մարդիկ, ովքեր բողոքում են անառողջ ակադեմիական միջավայրից, մտածում են, թե ակադեմիական ոլորտում հարցեր լուծելու ինչ նախադեպեր են ստեղծում… ?

Եվ ինչպես է այս ամենին վերաբերվում Կրթության և գիտության նախարարությունը ևս շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե դեպի ուր է շարժվելու մեր կրթական հաակարգը...

Նույն շարքից