Հասարակություն 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՀԽ Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցներին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի անդամներին:

Ժողովականների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունել և բարեմաղթանքներն է փոխանցել ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի փոխմոդերատոր Սասիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքություն)` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Այնուհետև ժողովականներին ողջունել և իր հայրապետական օրհնությունն է բերել Նորին Սրբությունը` կարևորելով այն, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ համայն հայությունը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՀԽ Գործադիր կոմիտեն իր հերթական ժողովն անցկացնում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Գարեգին Բ Կաթողիկոսը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող մեծ զորակցություն որակեց այս իրադարձությունը` հատկապես Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով միջեկեղեցական ոլորտում Հայ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների միջև ձևավորված արդյունավետ հարաբերությունները, փաստել է, որ այդ համագործակցությունը միտված է Եկեղեցիների միջև եղբայրական կապերի զորացմանն ու ավելի ջերմացմանը: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է նաև, որ միայն Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ավելի լավ ու արդար աշխարհ` զերծ ամեն տեսակի ոճրագործությունից և մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած դատապարտելի ոտնձգությունից:

Ի պատասխան հարցերի, Նորին Սրբությունը պատմական ակնարկով ժողովականներին ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անցած դժվարին ուղին, անդրադարձել Մեծ Եղեռնի տարիներին կրած մեծ կորուստներին, խոսեց Հայ Եկեղեցու առաքելության, առկա մարտահրավերների ու հատկապես եկեղեցաշինության, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալական ոլորտներում Հայ Եկեղեցու գործունեության մասին:

Վերջում Վեհափառ Հայրապետն արդյունաշատ ու բեղուն աշխատանք է մաղթել ժողովականներին:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Նույն շարքից