Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում գտնվող բաժինների պաշտոնեությանը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Ս. Ծննդյան բերկրաշատ տոների առիթով և իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերել նրանց:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Մայր Աթոռի աշխատակիցներին նվիրյալ աշխատանքի համար` կարևորելով յուրաքանչյուրի ծառայությունը Եկեղեցու առաքելության բարեհաջող իրականացման գործում: Ապա Վեհափառ Հայրապետը հորդորել է նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել ջանադիր ծառայությունը` ի պայծառություն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաև նոր տարվա անելիքներին ու ծրագրերին: