«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այսօր ԱԺ ամբիոնից իր դժգոհությունը հայտնեց պետական սեփականություն հանդիսացող գույքը մշտապես վաճառքի հանելու երևույթի դեմ:
«Ամեն ինչ վաճառում ենք, էլեկտրական ցանցը, կապը, հիմա Հայփոստն ենք վաճառում: Արդեն չեմ մտաբերում որևէ մեծ սեփականություն, որ պետական է: Բա որ պատերազմական գործողությունների մեջ հայտնվենք ու փող պետք լինի, ի՞նչ ենք վաճառելու»,-ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հասկանում է՝ երկրի տնտեսական վիճակը վատ է, բայց «Հայփոստի» վաճառքը կբերի ոլորտի ծառայությունների սակագների թանկացմանը:
«Մեզ ազգային փրկության ծրագիր է հարկավոր: Կառավարությունը սենց վաճառելով ոչ մի հարց չի կարում լուծի: Օրինակ՝ «Որոտանի» վաճառքի փողերով Նաիրիտի պարտքերն են տալու, ու ուր ենք սենց հասնելու։ Երկրի վիճակը վատ է, բայց գույքը վաճառելով դարման չենք անի վերքերին»,-ասաց նա: