Ամերիա ընկերությունների խումբը արդեն չորրորդ տարին է, որ բարեգործական աճուրդ է կազմակերպում ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնելու համար: Հերթական աճուրդը կայանալու է դեկտեմբերի 6-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ամերիա ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է 2013 թվականի արդյունքները և խոսել գալիք աճուրդի մասին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած աճուրդի ժամանակ հավաքվել է 35 միլիոն դրամ: Ամերիան կրկնապատկել է այդ գումարը, ավելի քան 8 միլիոն դրամ հավաքվել է հանգանակությունների շնորհիվ, մոտ 21 միլիոն դրամ էլ ստացվել էր տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, 2013 թ. հիվանդ մանուկների առողջության վերականգման համար հավաքվել է մոտ 100 միլիոն դրամ:
Ջրբաշյանը նշել է, որ Ամերիա ընկերությունների խումբը գումարը նպատակային հասցնելու համար համագործակցել է մի շարք կազմակերպությունների ու հիմնադրամների հետ: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ հաշվետվություն է ներկայացվում, թե ինչ դեղամիջոցներ են ձեռք բերվել, գումարն ինչ հիվանդությունների բուժմանն է ուղղվել: Նման կերպ վերահսկվում է, որ գումարը նպատակային օգտագործվի:
«Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի հետ համագործակցությամբ 13 միլիոն 338 հազար դրամ է ուղղվել է իդիոպատիկ արտրիտով տառապող 5 երեխաների բուժմանը: Բուժման համար բավական թանկ դեղամիջոց է անհրաժեշտ, որը երեխան որոշակի ժամանակի ընթացքում ամեն ամիս պետք է ընդունի: Արդյունքում 2 երեխա շատ լուրջ առաջընթաց են գրանցել ապաքինման գործում:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի միջոցով 33 միլիոն 175 հազար դրամ է հատկացվել օնկոլոգիական հիվանդություններ ունեցող 6 երեխաների, նրանցից մի քանիսը վիրահատվել են Գերմանիայում:
«Օգնեմ» հիմնադրամի օժանդակությամբ սուր լիֆմոբլաստային լեյկոզով տառապող 6 երեխաների բուժման համար տրամադրվել է 10 միլիոն 384 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, անցնող տարում օգնություն է տրամադրվել 22 երեխայի:
Այս տարվա աճուրդը «Խաղողը կյանք է» խորագրով է լինելու: Գինեգործության ոլորտում զբաղված բոլոր ընկերությունները խանդավառությամբ են արձագանքել բարեգործական աճուրդին մասնակցելու կոչին, նշել է Տիգրան Ջրբաշյանը: Նրանցից բացի, աճուրդին մասնացելու համար Իտալիայից հայտնի գինեգործական տների անդամներ են այցելելու, ովքեր իրենց հետ բավական թանկարժեք գինիներ են բերելու: Լոտերի թվում կլինի, օրինակ, 1875 թվականի արտադրության գինի: Ինչպես նախորդ տարիներին, հավաքված գումարն Ամերիա ընկերությունների խումբը կրկնապատկելու է: Հավաքված գումարն ուղղվելու է 17 երեխաների բուժմանը: