ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կուժեղացնի պայքարը Ռուսաստանի և Չինաստանի դեմ ու Եվրոպային կոչ է անում մտածել այդ մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Reuters»-ին։
«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է անտեսել միջազգային նորմերը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը՝ նշելով «ռուսական ներխուժման» վտանգը հարևան երկիր և Սիրիայում Մոսկվայի գործողությունները: Նա ավելացրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են ոչնչացնել միջազգային կարգը:
Էսփերը նկարագրել է Չինաստանի հետ կապված մի շարք խնդիրներ՝ սկսած նրա տնտեսական ընդլայնումից մինչև տեխնոլոգիական գողություններ․ «Ես կցանկանայի զգուշացնել Եվրոպայում գտնվող իմ ընկերներին։ Սա հեռավոր երկրում եղած խնդիր չէ, որը ձեզ չի վերաբերում»,-ասել է նա:
Ավելի վաղ` սեպտեմբերի սկզբին, հաղորդվել է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը դադարեցրել է 127 տարբեր շինարարական ծրագրեր՝ Մեքսիկայի հետ սահմանին ցանկապատի կառուցմանը 3,6 միլիարդ դոլար հատկացնելու համար: