Բնական ռեսուրսներով հարուստ Արկտիկայի քաղաքական ու ռազմական իրավիճակի մոնիտորինգի ու անալիզի նպատակով Միացյալ նահանգները սկսել է հետախուզական ցանցի ստեղծումը:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times պարբերականը, պայմաններում, երբ Ռուսաստանն ու Չինաստանն ակտիվորեն ամրապնդում են իրենց ներկայությունն Արկտիկայում, ԱՄՆ հետախուզական ծառայությունները, սառը պատերազմից հետո առաջին անգամ, անվտանգության նկատառումներից առաջնորդվելով, ակտիվացնում են իրենց գործունեությունը հյուսիսային մայրցամաքում:
Վերրջին տարում ԱՄՆ-ը, Արկտիկայի խնդիրների մշտական ուսումնասիրության նպատակով առանձնացրել է հատուկ վերլուծաբանների խումբ, որոնք անմիջականորեն գործում են հետախուզական ծառայության ենթակայությամբ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն իր հիմնական խաղաքարտը դնում է արբանյակ-լրտեսների վրա, որոնց օգնությամբ ուսումնասիրում ու տվյալներ է հավաքում Արկտիկայում: Հետախուզական ծառայությունները սերտ համագործակցության մեջ են Նորվեգիայի ու Կանադայի հետախուզության հետ:
Միաժամանակ Արկտիկայի հարցերով ադմիրալ Ռոբերտ Պապը մտահոգություն էր հայտնել վերոհիշյալ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության առումով, ու նշել, որ ԱՄՆ-ը Արկտիկայի հարցում ցանկանում է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ: