Հասարակություն 

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Facebook ընկերության նկատմամբ՝ օգտատերերի անձնական տեղեկություններն օգտագործելու կասկածանքով

ԱՄՆ կառավարությանն առընթեր Դաշնային առևտրային հանձնաժողովն այսօր՝ մարտի 20-ին, հայտարարել է, որ հետաքննություն է սկսելու Facebook ընկերության նկատմամբ՝ սոցցանցի մասնակիցների անձնական տեղեկություններն օգտագործելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է  Bloomberg-ը:

Մասնավորապես, ուսումնասիրվելու է  2011-ին  Cambridge Analytica ընկերության հետ՝ առանց սոցցանցի օգտատերերին տեղյակ պահելու, տվյալների փոխանցման շուրջ կնքված համաձայնագրի հարցը:

Bloomberg-ը գրում է, որ հնարավոր է՝ Facebook-ը մոլորեցրել է իր օգտատերերին՝ ստիպելով նրանց տալ ավելի շատ անձնական տեղեկություններ, քան դրա անհրաժեշտությունը կա:  Նշվում է, որ 2011-ին օգտատերերի որոշ կարգավորումներ փոխվել են առանց նրանց գիտության:

Cambridge Analytica-ի  գործունեության հետաքննության շրջանակներում էլ բրիտանական օրենսդիրները հարցում են կատարել ԱՄՆ՝   Facebook-ի  հիմնական սեփականատեր Մարկ Ցուկերբերգին հարցաքննելու վերաբերյալ:  Ինչպես հայտնում են բրիտանական համապատասխան կառույցները, Cambridge Analytica ընկերությանը հաջողվել է հավաքել ավելի քան 10 միլիոն ( The New York Times-ի տեղեկություններով էլ ավելի քան 50 միլիոն)  Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները և մշակել ընտրողների քաղաքական նախասիրությունների վերլուծության ալգորիթմ: Այս կերպ հնարավոր է եղել օգտատերերին ցույց տալ համապատասխան քաղաքական գովազդ և ազդել ընտրությունների վրա:

Ավելի վաղ բրիտանական  Channel 4 News-ի լրագրողը հետաքննություն էր անցկացրել, որի ժամանակ նա   Cambridge Analytica ընկերության հետ կապ էր հաստատել՝ ներկայանալով որպես հաճախորդ  Շրի Լանկայից: Նա 2017-ի հունվարից սկսած մի քանի անգամ հանդիպել է ընկերության տարբեր աշխատակիցների, այդ թվում տնօրենի հետ և գաղտնի նկարահանել խոսակցությունները:

Լրագրողն ասել է, որ ցանկանում է Cambridge Analytica-ի հետ պայմանագիր կնքել՝ Շրի-Լանկայի ընտրությունների արդյունքների վրա ազդելու շուրջ: Cambridge Analytica-ի տնօրեն Նիքսը խոսակցության ընթացքում ասել է, որ կարող են իրենց մշակած տեխնոլոգիաների միջոցով կեղծ տեղեկություններ տարածել, ազդել ընտրողների վրա և այլն:

The Guardian-ն էլ նշում է, որ Նիքսը նաև հայտնել է, որ իրենք համագործակցում  են բրիտանական և իսրայելական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների հետ:

Cambridge Analytica ընկերությունը հերքում է  Channel 4 News-ի լրագրողի այն խոսքերը, թե իրենք ասել են, որ պատրաստ են կեղծ տեղեկություններ ուղարկել օգտատերերին՝ նշելով, որ դա հումոր է եղել և իրենց սխալ են հասկացել:

Մասաչուսեթի գլխավոր դատախազությունն արդեն հայտարարել է Facebook և Cambridge Analytica ընկերությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին, որպեսզի պարզի՝ արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է անօրինական ազդեցություն:

Նշենք, որ Facebook-ի բաժնետոմսերի գինը շարունակում է ընկնել:

Նույն շարքից