Քաղաքական 

ԱՄՆ-ում հիշում են Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ–ում քչերը կգտնվեն, ովքեր չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, քանի որ դա որպես առարկա ուսուցանվում է դպրոցական դասագրքերում. ԱՄՆ-ում գիտեն և հիշում են Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամները:

«Այն, որ այստեղ ենք, արդեն իսկ նշանակում է, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչվել է մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, դրա կարևորությունը, խնդրի մեծությունը մատնանշվել է նրա կողմից և առանձնացվել է»,– հայտարարեց Էդ Ռոյսը։  

«Հայոց ցեղասպանության մասին նշվում է մեր երկրի դասագրքերում, և մեր աշակերտներին ուսուցանում ենք, որ Հիտլերն ասում էր. «Իսկ ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության, բնաջնջման մասին»: Մենք այստեղ գտնվելով՝ ճանաչում, ընդունում ենք, և մենք այստեղ ենք, Ցեղասպանությունից զատ, հայերի հետ խոսելու այն հարցերի մասին, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանի հետ ավելի շատ առևտրային և խորը հարաբերություններ ձևավորվեն, և նաև ամերիկահայերի ջանքերով, նրանց ներգրավմամբ, միասին կարողանանք այնպես անել, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա առավել նշանակալի տեղ զբաղեցնի»,-ավելացրեց նա:

Այս համատեքստում ամերիկացի կոնգրեսականն ընդգծեց նաև, որ այսօր առավոտյան Երևանում քննարկել են «Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը», որը կապահովի առևտրային և գործակցային հարաբերությունների խորացման նոր հիմքեր: Էդ Ռոյսը հավելեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կրկին այստեղ՝ Երևանում կլինեն:

Նույն շարքից