Հայաստանում գործող «Երջանկության գաղտնիք» ծանոթության և ամուսնության կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանը այսօր՝ Ամուսնական գործակալությունների օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց, որ Հայաստանում դեռ պահպանվում է այն կարծրատիպը, թե ամուսնության գործակալություններ դիմում են միայն անճար մարդիկ։
Իլոնա Բաղիշյանը տեղեկացրեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում իրենց գործակալության օգնությամբ ամուսնացել է 50-60 զույգ:
«Հայաստանում դեռ ընդունված է այն կարծրատիպը, թե գործակալությունների դիմում են միայն անճար մարդիկ: Ես հերքում եմ դա ու նշում, որ գալիս են մեզ մոտ բարձր ինտելեկտի տեր մարդիկ: Մեր հաճախորդները կայացած մարդիկ են, մի քանի բարձրագույն ինստիտուտ ավարտած, ֆիրմաների տեր են, պարզապես անձնական կյանքում չեն գտել համապատասխան մարդկանց ում հետ կարող են իրենց կյանքը կապել»,- ասաց նա:
Իլոնա Բաղիշյանը նշեց, որ կանանց հարցում իրենց նախասիրությունները նշելիս տղամարդիկ ընդգծում եմ, որ գեր կին չեն ուզում, իսկ կանայք ընդամենը ուզում են, որ տղամարդիկ ապահովված լինեն տնով ու աշխատանքով:
«Նախ տղամարդիկ են հայտնում, թե որ կանանց հետ են ուզում հանդիպել, որից հետո մենք դրա մասին տեղեկացնում ենք այդ կանանց, եթե նրանք ցանկանում են հեռախոսահամարը փոխանցում ենք: Մեր կենտրոնում աշխատում են հոգեբաններ, որոնք որոշակի աշխատանք են տանում զույգերի հետ և նշեմ, որ մեր գործունեության 6 տարիների ընթացքում ընդամենը մեկ զույգ է բաժանվել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք տարեց տարից չեն պակասում դիմողները, քանի որ ներկայումս մարդիկ ավելի հաճախ ծանոթանում են սոցիալական կայքերի միջոցով, նա պատասխանեց. «Ո՛չ, համացանցը վստահելի չէ, շատերը խաբնվում են, ավազակության դեպքեր են լինում, իսկ մենք ստուգում են մարդկանց ինքնությունը, նրանց պետք է չունեն քրեական անցյալ: Մենք վստահելի գործակալություն ենք»,-ավելացրեց «Երջանկության գաղտնիք» ծանոթության և ամուսնության կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանը։