ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների տեսլականներն ու այսօր կատարվող քայլերը նույնական են Արցախի խնդրում: Հայաստանում ու Արցախում ձևավորված ցանկացած իշխանություն պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդ հարցում չկա տարաձայնություն, մնացած տարաձայնությունները գործնական կամ աշխատանքային բնույթ են կրում: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է «դավադիր ուժերին», Հարությունյանը հայտարարել է, որ այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դա պարտվողական կամ դավադիր, դավադիր ուժեր են կամ գործիչներ
Հարությունյանի խոսքերով, իհարկե կարող են լինել մարդիկ, ովքեր չեն կիսում քայլերը, այլակարծության մասին չէ խոսքը, խոսքն այն ուժերի մասին է, որ ապակողմնորոշում են հանրությանը, որոնք հայտարարում են, որ ՀՀ վարչապետը կամ իշխանությունները ծախում են, հանձնում են. «Շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն գործում կամ քայլերում, որոնք չեն կատարվում, դա կարելի է անվանել դավադրություն: Իսկ այլակարծությունն իհարկե ողջունելի է: Այլ կարծիք ունեցողները դավադիր չեն: Իսկ եթե մեղադրում ես՝ չունենալով հիմմնավորումներ, պառակտելով ու ջուր լցնելով հակառակորդի ջրաղացին, դա դավադրական քայլ է: Այսօր հասարակությունը պառակտելը հավասարազոր է դավաճանության»: