Քաղաքական 

Այսօր մեր բանակը կարիք ունի ինտելեկտուալ զինվորների. Շարմազանով

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախաձեռնությամբ, ՊՆ Նոյեմբերյանի N զորամասի համար գրքահավաք է սկսվել:

Այսօր՝ փետրվարի 19-ին, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարան այցելած Շարմազանովը նշել է. «Կարեւորը ոչ թե քանակն է, խնդիրը դրված է, որպեսզի մենք կարողանանք զորամասին տրամադրել մասնագիտական, հայրենասիրական գրականություն ու մեր դասականների գործերը»:

Նա հավելել է, որ սա առաջին փուլն է, մի քանի օր հետո ուսանողների հետ միասին այս գրքերը կնվիրաբերեն զորամասի գրադարանին:

«Պարզից էլ պարզ է, որ 21-րդ դարում այն մարդիկ, ովքեր դադարում են կարդալ, նրանք դադարում են մտածել: Այսօր մեր բանակը, մեր հասարակությունը կարիք ունի ինտելեկտուալ զինվորների, քաղաքացիների, եւ հայ երիտասարդի իդեալական կերպարը այն երիտասարդն է, ով իր մի ձեռքում պահում է  սուրը, այսինքն` հայրենիքի պաշտպանությունը, իսկ մյուս ձեռքում գրիչը` գիրքը, գիտելիքը»,-շեշտել է Շարմազանովը:

Իսկ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատել է, որ իհարկե, հիմա 21-րդ դարն է, սակայն գրքին երբեք չեն փոխարինի պլանշետն ու նորագույն տեխնիկայի այլ միջոցները: «Այսօր պլանշետով կարելի է  մի հսկայական գրադարան ունենալ, բայց գիրքն ունի մի զարմանալի հատկություն, եթե սիրում ես կարդալ, աշխատում ես գրքի հետ, քեզ թանկ է ամեն ինչ, բացառիկ հաճույք է էջերը թերթելը»:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է նաեւ, որ այսօր մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Դիմելով ուսանողներին` նա մեջբերել է բուհի եւս մեկ շրջանավարտ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը խոսքերը. «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու, որը դուք եք կերտելու»:

Նույն շարքից