«Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից, նոր դեմքերից: Կրթված և գրագետ մարդիկ պետք է ոչ թե հեռանան երկրից, այլ՝ մնան ու գնահատվեն: Պատրաստ եմ իմ անձնական միջոցներով աջակցել նրանց ծրագրերին, որոնք կոնկրետ կիրառելի արդյունք կտան, և ապահովել էֆեկտիվ աշխատելու համար բոլոր պայմանները»,- այս մասին այսօր հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իր նախաձեռնությամբ հրավիրված «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին:
ԲՀԿ առաջնորդն առաջարկում է կազմել նոր թիմ, ժողովրդին ներկայանալ նոր ծրագրորով և նոր դեմքերով: «Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ երբ Հայաստանի տնտեսությունը ներկայում խոցելի է, իսկ հակառակորդը սպառնում է նոր պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և հասարակական ցնցումների պատճառ դառնալ:
«Քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով: Խաթարենք ընտրակեղծիքների մեքենան: Դրա համար մենք ունենք թե՛ մարդկային, թե՛ կազմակերպչական և թե՛ նյութական բոլոր ռեսուրսները: Նմանատիպ իրավիճում ժողովուրդը կարող է պարտադրել արտահերթ ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական: Այժմ գնդակը գտնվում է իշանության դաշտում, բայց քայլերի ժամկետն անսահման չէ»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը:
Նա իր առաջին ուղերձում կոչ արեց չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում: Ըստ նրա՝ կատարված է հսկայական ծավալի աշխատանք:
ԲՀԿ առաջնորդն իր ելույթում տեղեկացրեց, որ առաջիկայում խոշոր հարահավաքներ են սպասվում Հայաստանի տարածքում և Երևանում:
«Մենք շարժվում ենք առաջ, մեր երկրի և մեր ժողովրդի հանդեպ պատանասխանատվության հտսակ պահանջով: Ստիպելու ենք գործող իշախանություններին զգալ պատասխանատվություն:
Ֆինանսական շուկայի տատանումները թույլ տվեցին հասկանալ, թե որքան թույլ և փխրուն է մեր երկրի տնտեսական կայունությունը: Սա խոսում տնտեսական սխալների մասին: Ակնհայտ է ժողովրդի անվստահությունը իշխանության հանդեպ: Սա ինչ–որ չափով վստահության ճգնաժամ է: Տնտեսական սոցիալական ճգնաժամերը կարող են վերաճել իշխանության ճգնաժամի՝ դառնալով անկառավարելի:
Իշխանությունները կենսաթոշակային կուտակային համակարգն անվանեցին պատմական բարեփոխում, իսկ ես նշել եմ, որ այն զուրկ է առողջ տնտեսական հաշվարկից: Մեկ տարում դրամն արժեզրկվել է 15 տոկոսով, և այդքանով էլ նվազել է մարդկանցից գանձված գումարների արժեքը: Մի՞թե սա չեն հասկանում ներկա իշխանությունները: Իսկ ի՞նչ կլնի տասը, քսան կամ երեսուն տարի հետո»,- նշեց Գ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ տնտեսական և սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման համար արդյունավետ համակարգ է պետք: Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիաներ և այլն: «Քաղաքապետերն ու մարզպետները պետք է լինեն տարբեր կուսակցություններից, որի արդյունքում կշահի պետությունը»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: