Քաղաքական 

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը Ժոզեֆ Դաուլին

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլին՝ պարզելու համար, արդյոք Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը շարունակո՞ւմ է Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցություններին համարել ԵԺԿ ընտանիքի լիիրավ անդամ։ «Միայն Դուք կարող եք հստակություն մտցնել այս հարցում խաբեության մեջ խճճված մարդկանց համար»,- ասված է նամակում։ Ստորև ներկայացնում ենք այն։

Հարգելի պարոն Դաուլ,

Հայաստանի հանրությունը գիտի, որ երկրում պետական իշխանությունը վերահսկող Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունները հանդիսանում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Հանրությանը պաշտոնապես հայտարարված է, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, արժանացել է ԵԺԿ-ի հավանությանը։ Ավելին, ասվում է, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը շարունակում է համարել Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները ԵԺԿ ընտանիքի լիիրավ անդամ։

Դրա պատճառով հանրային ընկալման մեջ Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունները շարունակում են մնալ որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական շահերը Հայաստանում ներկայացնող ուժեր։ Այս հանգամանքը հանդիսանում է լուրջ խոչընդոտ Հայաստանի Եվրասիական ինտեգրացիայի դեմ դուրս եկած քաղաքական և քաղաքացիական ուժերի համար։ Ստացվում է, որ Մաքսային Միության դեմ պայքարը դա պայքար է նաև ԵԺԿ-ի ու եվրոպական արժեքների դեմ։ Դրա պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության ժամանակ չհաջողվեց փողոց դուրս բերել հանրության լայն զանգվածներ՝ մեր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Հայաստանի հանրությունը ապակողմնորոշված վիճակից դուրս բերելու հարցը Ձեր անմիջական պատասխանատվության խնդիրն է։ Միայն Դուք կարող եք հստակություն մտցնել այս հարցում խաբեության մեջ խճճված մարդկանց համար։ Եթե Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները շարունակում են մնալ ԵԺԿ ընտանիքի անդամ, ապա Մաքսային Միություն տանող ճանապարհը չի հակասում եվրոպական արժեքներին և դրա դեմ պետք չէ պայքարել։ Մյուս կողմից, եթե նշված կուսակցությունները արդեն չեն հանդիսանում ԵԺԿ անդամ, ապա դրա մասին հանրությունը պետք է տեղեկանա Ձեզանից։

Վստահ եմ, որ այս հարցի պարզաբանումը կօգնի Հայաստանի հանրությանը ճիշտ ճանապարհ ընտրել երկրի համար այս բարդ և պատասխանատու պատմական ժամանակաշրջանում։

Հարգանքներով՝
Անդրիաս Ղուկասյան,

2013թ․ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու

ք․ Երևան,
05 դեկտեմբերի, 2013թ․

 

 

Նույն շարքից