Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Ամբիցիաները պետք է մղվեն վերջին տեղ

Տարին նոր է սկսվել, բայց արդեն բավականաչափ ակտիվություն է նկատվում քաղաքական ոլորտում, ուղղակի ակտիվությունը կարծես թե այդքան էլ կառուցողական և արդյունավետ չէ, այլ ավելի շատ ինտրիգային է: Ակտիվ է նաև հասարակությունը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն այդպես էլ չի ընդունվում բավականաչափ մարդկանց կողմից, ինչը զարմանալի չէ այն պատճառով, որ նման կարևորագույն հարցերը պետք է լուծվեն մի շարք հասարակական քննարկումներից հետ միայն: Նմանատիպ գլոբալ փոփոխություններից առաջ շատ ավելի ճիշտ և գրագետ կլիներ, եթե մեկ տարի շարունակ բոլոր հնարավոր միջոցներով այս օրենքի ազդեցության տիրույթում գտնվող անձինք տեղեկացվեին օրենքի բովանդակության, դրական և բացասական կողմերի մասին, այնուհետև քննարկումներ կազմակերպվեին, որոնք հնարավորություն կտային երիտասարդներին արտահայտել իրենց դիրքորոշումը, առաջարկներն ու բողոքները: Քննարկումներ ասելով ես ի նկատի ունեմ հրապարակային քննարկումները, այլ ոչ թե պետական օղակով սահմանափակված քննարկումները: Գուցե, եթե երիտասարդները մեկ տարի շարունակ ընդգրկված լինեին կուտակային կենսաթոշակային համակարգի քննարկումներում, մասնակցեին այդ համակարգի դրական և բացասական կողմերի բացահայտման գործընթացին, հնարավորություն ունենային առաջարկներ ներկայացնելու և համակարգն ավելի խորությամբ հասկանալու, այսօր բողոքի իմաստ էլ չլիներ: Ներկայիս կառավարության ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մերժվում է հասարակության ակտիվ ներգրավվածությունը պետության համար որոշիչ հարցերում՝ ընգրկելու դեպքում էլ, այն միայն ձևական բնույթ է կրում:

Մի քանի մուլտ հիշեցնող սոցիալական գովազդներով հնարավոր չէ մարդկանց համոզել համակարգի «բարի և օգտակար» լինելու մեջ: Մեր սերունդը՝ ներկայսի երիտասարդությունը պահանջատեր է և չի համակերպվում, երբ իր փոխարեն իր իսկ կյանքի հետագա ընթացքն են որոշում՝ առանց հաշվի առնելու իր կարծիքը: Մեր սերունդն ի տարբերություն նախորդ և հաջորդ սերունդների սովետական և արդեն անկախացած Հայաստանի ազդեցությունից դուրս է մեծացել՝ ավելի անկախ և կայուն, քանզի դեռևս մշակված չէին հասարակության վրա ազդելու մեխանիզմները: Հենց դա է պատճառը, որ ներկայիս երիտասարդությունը չի հանդուրժում անհանդուրժելին, և դա նորմալ է: Վերջին հաշվով պետք է գա մի օր, երբ ՀՀ իշխանությունը հասկանա, որ երկրի համար կարևորագույն յուրաքանչյուր  որոշում պարտադիր կերպով պետք է հնարավորինս մանրամասն ներկայացվի հանրությանը, քննարկվի, այնուհետև նոր ընդունվի, այլ ոչ թե ընդունվի, ապա նոր քննարկվի:

Այս ամենի հետ միասին զարմանալի է նաև քաղաքական անհասկանալի գզվռտոցը՝ բոլորը բոլորին թշնամի են դարձել: Հարգելիներս, այսօր մենք այնքան շատ խնդիրներ ունենք, որ ամբիցիաները ոչ թե երկրորդական, այլ վերջին տեղ պետք է մղվեն որոշ ժամանակով: Մոտենում է Ցեղասպանության 100 ամյակը, Ղարաբաղյան չլուծված հարցը, Մաքսային  Միության դեռևս աղոտ հեռանկարները, հիվանդ տնտեսություն, աճող արտագաղթ և այսպես շարունակ, իսկ մենք այս ամենը թողած քաղաքական ինտրիգներ են հորինում և զարգացնում:

Հ.Գ. Յուրաքանչյուր հայ այսօր պետք է հասկանա իրավիճակի բարդությունը և իր ներդրումն ունենա Հայաստանի զարգացման հարցում՝ առանց որևէ շնորհակալության ակնկալիքի, քանզի դա պետք է արվի ոչ թե սեփական անձի, այլ մեր հայրենիքի համար:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից