Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունների ներկայացուցիչները պատրաստվում են այցելել Հայաստան, որտեղ հինգշաբթի տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը։
Независимая газета-ի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է ակնկալվող այցերին։
Հայտնի է, որ Բաքուն կներկայացնի ԱԳՆ վարչություններից մեկի ղեկավարը, փոխարենն Անկարան կներկայացնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Ակնկալվում է, որ Երևանում նա առանձնազրույց կունենա հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Թուրքիայի արտգործնախարարի՝ Հայաստան այցի նախաշեմին Թբիլիսիում շոու կազմակերպվեց։ Վրաստանի մայրաքաղաքում թուրք և հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Հովհաննես Աջինյանը ձեռք սեղմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցին։ Ակցիան սկսվեց դեկտեմբերի 6-ին և ավարտվեց 43 ժամ անց։ Գրանցելով ռեկորդը՝ արտիստներն իրենց քայլն անվանեցին խորհրդանշական. այն խորհրդանշում է բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայ և թուրք հասարակությունների պատրաստակամությունը, իսկ Թբիլիսին նրանք ընտրել են այն պատճառով, որ հենց Վրաստանն է կապում Հայաստանին և Թուրքիային։
Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան թուրքական առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Լրատվամիջոցների վերլուծաբանները ենթադրում են, որ Ահմեթ Դավութօղլուի այցը մեծ նշանակություն ունի՝ այն անվանելով «առաջին դիվանագիտական ալիքը 2009թ.-ին ստորագրված Արձանագրություններից հետո (միջպետական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ-Tert.am)»։
Today’s Zaman-ը մեջբերում է անանուն դիվանագիտական աղբյուրի խոսքը։
«Չնայած այցը կայանալու է ՍԾՏՀԿ ձևաչափով, այն շատ կարևոր է։ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը Կովկասում խաղաղության հաստատման համար, և այցը թույլ կտա կողմերին քննարկել բարդ տարածաշրջանային հարցեր»։
Հիշեցնենք, որ 2009թ.-ին Շվեյցարիայում Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին այսպես կոչված՝ Ցյուրիխյան արձանագրությունները, որտեղ ամրագրվել են հարաբերությունների կարգավորման փուլային քայլերը՝ առանց նախապայմանների։
Բավական չեզոք Ցյուրիխյան արձանագրությունները, թվում էր, գործը շարժեցին տեղից։ Սակայն դրանք այդպես էլ չվավերացվեցին։ Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանները միմյանց հանդեպ անվստահություն հայտնեցին։
Մասնավորապես՝ թուրքական կողմը բողոք հայտնեց հայկական կողմին Արձանագրությունները Սահմանադրական դատարանում քննարկելու վերաբերյալ։
Ի պատասխան՝ հայ պատգամավորները հայտարարեցին, որ Արձանագրությունների միակողմանի վավերացում չի լինի։ Եվ արդեն դրանից հետո Երևանն ու Անկարան հիշեցին նախապայմանները։
Ահա այդպիսի պայմաններում է Ահմեթ Դավութօղլուն մեկնում Երևան, որտեղ, ինչպես հույս ունեն թուրքական աղբյուրները, հաշտեցման գործընթացը կարող է վերականգնվել։
Սակայն Երևանում չեն պատրաստվում փոխել տեսակետը՝ միայն Թուրքիայի արտգործնախարարի այցի պատճառով։ Մանավանդ, որ նախօրեին Ահմեթ Դավութօղլուն կրկնել է Անկարայի հայտնի թեզերը։ Եվ դրանք ձևակերպեց առանձնակի խիստ ձևով՝ ուղիղ դիմելով Հայաստանին. «Երբ դուք հրաժարվեք հարևան երկրի տարածքների բռնազավթումից, այդ ժամանակ բարեկամներ դառնալու հեռանկար կլինի»։
Երևանը խիստ արձագանք տվեց։ Մասնավորապես՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնի առանց նախապայմանների։
«Երևան այցից առաջ սադրիչ հայտարարություններ անելու փոխարեն, որոնք կարող են միայն վնաս հասցնել դրական տեղաշարժերին, ավելի լավ կլիներ, եթե Թուրքիայի արտգործնախարարը պատրաստվեր այցելել Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»։
Ինչպես НГ-ի հետ զրույցում ասել է Բեռլինում բնակվող քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը, իր համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեն լինի։
«Հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի քաղաքակությանը, և Հայաստանի հետ ոչ մի հարաբերություն չի լինի, մինչև Ղարաբաղում Բաքվի իրավասությունների հաստատումը։ Հենց դա դարձավ Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելուց հրաժարվելու պատճառ։ Հայաստանում Թուրքիան այնքան շահեր չունի, որքան Ադրբեջանում»,-ասել է Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության ցուցադրությունը, և դիվանագետները կմեկնեն Հայաստան այսպես կոչված՝ «լավ եղանակի» տպավորություն թողնելու համար, իսկ հարաբերությունները չկարգավորելու համար երկիրը մեղադրելու է հայկական կողմին, չնայած Երևանը պատրաստ էր Ցյուրիխի արձանագրությունների հաստատմանը։