Քաղաքական 

Անցել է գրեթե մեկ տարի և Հայաստանում լուրջ ներդրումներ չկան և չեն լինելու «փողոցով» իշխանափոխության պատճառով․ Հարությունյան

Իրավունք ունի՞ քաղաքացին, ով երկրի տերն է «փողոցով» հասնել իշխանափոխության։ Եթե քաղաքացիներն այդ իրավունքն ունենալու են, իրենք կարողանալու են գնալ փողոցով իշխանափոխության, այդ դեպքում Հայաստանը երբեք չի զարգանալու, Հայաստանում որևէ մեկը ներդրումներ չի անելու, և հիմա մենք դա արդեն տեսնում ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ հավելելով, որ անցել է գրեթե մեկ տարի և Հայաստանում լուրջ ներդրումներ չկան և չեն լինելու այդ «փողոցով» իշխանափոխության պատճառով։

«Ընդունենք՝ Նիկոլը շատ լավ կառավարում է, անցնում է հինգ տարի, ընտրություններում հաղթում է և ստանում է 51 տոկոս, իսկ 49 տոկոս ստացած ուժերն էլի փողոց կարող են հանել իրենց սատարող ժողովրդին` ասելով, որ ընտրությունները կեղծվել են, իրենք են հաղթել ու նորից փորձեն իշխանությունը բռնազավթել փողոցով։ Այսինքն, եթե մենք այստեղ պայմանավորվածություն հստակ չունեցանք, մենք կարող ենք ապագայում շատ ավելի վատ «մարտի մեկեր» ունենալ։ Փողոցով իշխանափոխություն չի կարելի անել, ապստամբելու իրավունք գոյություն չունի»,-ասաց Հարությունյանը։

Բանախոսի խոսքերով, 27 ամյա մեր պատմության մեջ, նոր անկախ Հայաստանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք իրականում խորքային հարվածներ են հասցրել մեր պետականության հիմքերին, մեր քաղաքացիների մտածողությանը, և խորը կասկածի տակ են դրել ընտրությունների նկատմամբ հավատը․ «Մենք որպես հասարակություն, որպես քաղաքական գործիչներ, քաղաքական էլիտա, համաձայնության պետք է գանք մի քանի կետերի շուրջ և այլևս ապրենք այդ տրամաբանությամբ։ Եթե չենք գալու համաձայնության, կանխատեսում եմ, որ ապագայում Հայատանում շատ ավելի վատ փողոցային հեղափոխության դեպքեր են լինելու, ապստամբության դեպքեր են լինելու, ավելի վատ «մարտի մեկեր» են լինելու, որովհետև մեր հասարակական, քաղաքական իրականությունն այդպիսին է»։

Նույն շարքից