Ուրուգվայի Պատգամավորների պալատը ապրիլի 15-ին արտահերթ նիստ կանցկացնի` հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նիստն անցկացնելու առաջարկով հանդես է եկել Ազգային կուսակցությունը, և այն հավանության են արժանացրել բոլոր քաղաքական կուսակցությունները:
Պատգամավոր Խորխե Գեքջյանը կներկայացնի հիշատակության ցուցադրություն, որը պատկերում է հայ ժողովրդի ողբերգությունն ու այն աջակցությունը, որը հայ համայնքը գտավ Ուրուգվայում, այն երկրում, որն առաջինը 1965-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Տարբեր միջոցառումներ են նախատեսվում անցկացնել ապրիլի 24-ի շուրջ, որը նշվում է որպես մեկուկես միլիոն հայ զոհերի հիշատակի օր: Նիստից հետո «Սոդրե» ազգային համերգասրահում Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` մաեստրո Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 23-ին նախատեսվում է երթ անցկացնել Հուլիսի 18-ի պողոտայում: Ուրուգվայում բնակվող հայերը և ուրուգվայցիներից շատերը ցանկանում են ցույց տալ այն ցավը, որ Թուրքիան և շատ ուրիշ երկրներ դեռ չեն ճանաչել 1915-1923 թվականներին կատարված կոտորածները, որից փրկվածների 10 մլն ժառանգներն այսօր սփռված են ողջ աշխարհով մեկ:
Ցեղասպանությունը, որը ողբերգական իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ, հանգեցրել է մեծ Սփյուռքի ձևավորմանը, որն իր համայնքներն է ստեղծել Եվրոպայում, Ամերիկայում և, մասնավորապես, Ուրուգվայում: