Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանն այսօր մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դևիսը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքում փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել:
Նա նշեց, որ ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ի ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրական համակարգով, և այս ընթացքում համամասնականի տարատեսակ մոդելների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն բազմաթիվ առավելություններ ու թերություններ:
«Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը համամասնական ընտրակարգի դեպքում համարվում է ընտրողի և ընտրատարածքի միջև կապի բացակայությունը , իսկ մեծամասնական ընտրական համակարգի պարագայում գործ ունենք անհատի գործոնի ընդգծման կամ շեշտման հետ: Այն մոդելը, որ մենք առաջարկել ենք, կարող եմ ասել, որ ներկայացնում է կուսակցության և անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են , որ ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների, 9` մարզերում և 4-ը՝ Երևանում:
«Սրանով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները և հնարավորություն կունենա ընտրողը հասկանալ, թե ով է իր պատգամավորը և որ տարածքից: Մենք նախատեսում ենք , որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պիտի ներկայացնի համապետական ցուցակ և տարածքային ցուցակներ: Տարածքային ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու առկա է նաև համապետական ընդհանուր ցուցակում: Համապետական ցուցակում կարող են լինել նաև թեկնածուներ, որոնք տարածքային ցուցակներում ընդգրկված չեն»,-ասաց նա: