«Ժառանգության» շուրջ խոսակցություններն ընդամենը նախկին խոսակցությունների ի մի բերումն է ու մի տեղում հավաքումը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Օրինակ՝ այդ լուրերից է Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու եւ Արմեն Մարտիրոսյանի՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները կատարելու մասին տեղեկատվությունը:
Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, թե փոփոխություններ չեն կարող լինել, եւ կուսակցությունը կարիք չունի վերաշարադրել իր ռազմավարությունը, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունն անհույս, անելանելի ճգնաժամի մեջ է: Նրա փոխանցմամբ՝ եթե անգամ խմբակցությունը ամբողջությամբ զիջելու խնդիր լինի, դա ցավ կպատճառի, բայց դա կլինի կատարված փաստ եւ մենք ստիպված կլինենք դրանով ապրել մինչեւ հաջորդ ընտրություններ, միգուցե նաեւ՝ արտահերթ: «Ժառանգության» ներկայացուցիչը վստահեցնում է, որ առաջիկա ընտրություններին «Ժառանգությունը» կրկին լավ կապիտալով կներկայանա եւ իր ընտրողին կհավաստիացնի, որ այլեւս չի սխալվելու: