Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Հ. Կ.-ն է, ով իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե ինքնասպանության փորձ, պարզ կլինի քննության ընթացքում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասն՝ shamshyan.com