Առողջապահություն Հասարակություն 

Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի հղի կնոջ մահվան հանգամանքները

Հայաստանի առողջապահության նախարարությունն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան փաստին` նշելով, որ մասնագիտական խումբ է կազմվել, ովքեր պետք է պարզեն տեղի ունեցած ողբերգության պատճառները:
«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու եւ մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ եւ գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետեւողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում եւ ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»,- ասված է հայտարարության մեջ:
26-ամյա ծննդկանի և նրա նորածին դստեր մահվան փաստին նախարարությունն անդրադարձել է 3օր անց: Հիշեցնենք, նա «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք էր ընդունվել ս. թ. հուլիսի 26–ին, ժամը 16:20-ին, որից հետո ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց: Այստեղ կեսարյան հատումով երեխայի ծննդից հետո նա մահացել էր: Երկու օր անց մահացել էր նաև առանց կենսական կարևոր օրգանների ծնված երեխան»:

Նույն շարքից