Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա չէր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Քանի որ խորհրդարանական հանրապետության համար առավել քան տարօրինակ է նման միջոցառմանը խորհրդարանի ղեկավարի բացակայությունը, Analitik.am-ն ԱԺ-ից ճշտեց, թե ինչու է այդպես ստացվել:
Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնեց.
«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։
Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։
Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»: