Հայաստանի անկախացումից հետո, արևմտյան գրանտային կազմակերպությունները, և արևմտյան, այսպես ասած «սորոսային» հիմնադրամները միանգամից մտան Հայաստան։ Սրանց նպատակը հիմնականում մեկն է՝ քանդել հայ-ռուսական հարաբերությունները, փորձել պոստսովետական երկրները, այդ թվում նաև Հայաստանը պոկել Ռուսաստանից և այդ պետությունները դարձնել Ռուսաստանը թուլացնող գործիքների։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։
«Ես այստեղ գալուց առաջ լսել եմ, որ Սորոսի Հայաստանի տնօրենը, ինչ-որ մի կին՝ Լարիսա անունով, այսօր ասուլիս է հրավիրել՝ դատապարտելով երեկ Նարեկի վրա կատարված հարձակումը, բայց նաև ասել է, որ իրենք սկզբից ողջունել և աջակցել են այսպես կոչված սիրո և համերաշխության հեղափոխությանը։ Այսինքն, տեսեք, դրսից ֆինանսավորվող օտարերկրյա կառույցը Հայաստանում քաղաքական հայտարություններ է անում։ Այ դրա համար ես ասում եմ, որ օտարերկրյա գրանտային կազմակերպությունները Հայաստանում պետք է չգործեն»,-նշել է Հարությունյանը։
Նրա խոսքերով, ապագայում հասնելու ենք նրան, որ այդ «սորոսները» և այդ հիմնադրամները, ովքեր միջամտում են մեր երկրի ներքաղաքական կյանքին՝ փակվելու են․ «Ավելին, բոլոր նրանք, ովքեր այդ հիմնադրամներից փող են ստացել և քիթները մտցրել են մեր ներքաղաքական օրակարգի մեջ, նրանք բոլորը պետք է հարցաքննվեն, որովհետև ես խորը կասկածներ ունեմ, որ օտար փողերով Հայաստանի շատ քաղաքացիներ ուղղակիորեն Հայաստանում զբաղված են մեր պետության շահերի դեմ պայքարելով, իսկ դա պետական դավաճանություն է»։
Բանախոսը նշեց նաև, որ առաջին հերթին պետք է հասարակության ներսում համաձայնության գալ․ «Պետք է համաձայնության գանք, թե ինչպես ենք ապրելու և թույլ չտանք, որ օտար պետություններն իրենց գործակալների միջոցով, այդ թվում նաև ազգությամբ հայ գործակալների միջոցով մտնեն և ներսից մեր պետությունը քանդեն։ Ասում են՝ Սորոսն ավելի շատ է սիրում Հայաստանը, քան մենք, Սորոսն ավելի շատ է անհանգստացած մեր քաղաքացիական հասարակությամբ, քան մենք, Սորոսն ավելի շատ է ուզում, որ մեր մոտ խոսքի ազատություն լինի, քան մենք։ Սրանք հեքիաթներ են և այս հեքիաթներին հավատացող մարդիկ կան, որ իրենց անձնական փողի համար գրանտ են ստանում, որպեսզի լավ ապրեն և այդ ամենը փաթաթում են մեր վզին»։