Երեկ` փետրվարի 28-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրտցին: Մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ անդրադարձել են այս հանդիպմանը՝ տալով բանականին հետաքրքիր մեկնաբանություններ: Այսպես՝
Die Welt-ը գրում է, որ Կրեմլը հույս ունի՝ Կուրտցի այցը կարող է ազդակ դառնալ եվրոպական պատժամիջոցները չեղարկելու համար, սակայն Վիեննան իր սեփական ծրագիրն ունի:
Անցյալ տարի Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրություններից և կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո Ռուսաստանում շատերը մտածեցին, որ Մոսկվան արդեն կողմնակից ունի եվրոպական լիդերների մեջ՝ ի դեմս Սեբաստիան Կուրտցի, ով հանդես է գալիս Մոսկվայի հետ պրագմատիկ կուրսի և պատժամիջոցները չեղարկելու դիրքերից: Կուրտցի այս հայտարարություններից հետո Մոսկվայում նրան արդեն սկսեցին համարել որպես բարեկամ:
ԶԼՄ-ն նաև նշում է, որ ավստրիական ընկերությունների ուղիղ ներդրումները ՌԴ-ոմ կազմում են մոտ 5 մլրդ եվրո, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն էլ 2016-ի համեմատ աճել է՝ հասնելով 3,3 մլրդ եվրոյի:
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ն էլ գրում է, որ Կուրտցը Մոսկվա այցի ժամանակ փորձում էր համագործակցության եզրեր գտնել Կրեմլի հետ, քանի որ նրա կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև այլ ավստրիական քաղաքական գործիչներ, սերտ կապեր ունեն ՌԴ-ի հետ:
Սա Կուրտցի առաջին պաշտոնական այցն էր ՌԴ, որից հետո միանգամից սկսեցին դրական արձագանքներ հրապարակվել՝ երկու գործիչներն էլ գոհ էին տնտեսական հարաբերությունների զարգացումից, երկուսն էլ գոհունակություն հայտնեցին «Հյուսիսային հոսք 2 » նախագծի մասով: Ի պատասխան քննադատներին, որոնք մտավախություն ունեն, որ Մոսկվայից էներգետիկ կախվածության մեծացման հետ կապված, Կուրտցն ասաց, որ չկա նման մտահոգություն թեկուզ այն պատճառով, որ նախագծին մասնակցում է ավստրիական OMV կոնցեռնը:
Կուրտցի կարծիքով հենց Ավստրիան պետք է փորձի կամուրջ ստեղծել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև: ԶԼՄ-ի պնդմամբ, այս դիրքորոշումն ունի պատմական հիմքեր՝ 1955-ին Ավստրիան նորից անկախություն ձեռք բերեց Մոսկվայի հետ համաձայնեցված պայմանագրի շնորհիվ, ինչը պարտավորեցրեց երկրին մշտական չեզոքություն ունենալ: Ավստրիական ազատության կուսակցությունն էլ համագործակցության հուշագիր է ստորագրել ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ:
Newsweek -ի թղթակից Կրիստինա Մազան էլ գրում է, որ այն շրջանում, երբ Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներ միջոցներ են փնտրում, որպեսզի կանխեն ՌԴ միջամտությունն իրենց ներքին հարցերին, Կուրտցն իրեն պահում է՝ որպես Մոսկվայի ընկեր: Ըստ հեղինակի, Կուրտցը շատ վատ ժամանակ է ընտրել իրեն ԵՄ-ից անկախ և ՌԴ-ի ընկեր ցույց տալու համար:
Լրագրողը հիշեցնում է նաև, որ ԵՄ անդամ երկրները մի քանի տարի է վիճում են «Հյուսիսային հոսք 2 » նախագծի շուրջ:
Գերմանական Handelsblatt-ն էլ գրում է, որ Մոսկվայում Կուրտցն առաջարկել է Պուտինին իր երկրի մասնակցությունն Ուկրաինայում ՄԱԿ-ի կողմից իրականացվող առաքելությանը:
«Իր հանդիպման ժամանակ Կուրտցը հասկացրեց, որ Վիեննան կարող է ավելի կարևոր դեր խաղալ ուկրաինական կոնֆլիկտի լուծման մեջ: Կուրտցն ասել, է որ Ավստրիան՝ որպես չեզոք երկիր, կարող է ստանձնել Դոնբասում խաղաղապահական առաքելության պատասխանատվությունը:
Պուտինին նախագահական ընտրություններում հաղթելու համար շատ անհրաժեշտ է տնտեսական ակտիվություն, ուստի Կուրտցը կարող է միջնորդ հանդիսանալ և կարգավորել քաղաքական հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի միջև»,- ասվում է հոդվածում: