Ես կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում յուրաքանչյուր խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով, իսկ անկախ պատգամավորի ինստիտուտ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում: Նա էլ իր հայտարարության մեջ նշել է, որ մտածում է այդ մասին, հետևաբար մենք էլ ենք դա ակնկալում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` խոսելով խմբակցությունից Արման Բաբաջանյանի հեռանալու մասին և հիշեցնելով խմբակցության հայտարարության մասին, որ Բաբաջանյանը պետք է հրաժարվի մանդատից:
Մարուքյանը, խոսելով իր զգացողությունների մասին, նշել է, որ ամեն ինչ նորմալ է:
Հարցին, թե ինչու ինքը չի կարդացել Արման Բաբաջանյանի տարածած տեքստը, Մարուքյանը նշել է, որ գիտի, թե վերջինս ինչ է մտածում, հետևաբար կարիք չկա կարդալու. «Ես հարգանքով եմ մոտենում նրան, թե ինչ է ինքը մտածում, պարոն Բաբաջանյանն էլ գիտի, թե ես ինչ եմ մտածում»:
Իսկ եթե Բաբաջանյանը մանդատից չհրաժարվի՞: Մարուքյանը նշել է, որ իրենց հայտարարությունն ուժի մեջ է, իրենք խոսել են իրենց ակնկալիքի մասին. «Ավելացնելու որևէ բան չկա, հայտարարությունն ուժի մեջ է»:
Մարուքյանը կարծում է, որ սկզբունքային գործիչը խմբակցությունից դուրս գալուց հետո պետք է վայր դնի մանդատը, իսկ թե ինչ կորոշի Արման Բաբաջանյանը, դա վերջինիս խնդիրն է: