Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ին Ազատության հրապարակում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հրավիրած հանրահավաքին, ասաց, թե ափսոսում է, որ ՀԱԿ-ը 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների արյունն ու հիշատակն է:
«ՀԱԿ կոչվող անհասկանալի ուժը, կուսակցությունը խմբակցությունը, չենք հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մինչև վերջ, ցավալի է, որ 6 տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական պրոդուկտ, այլ քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ մեր երկրում տեղի ունեցավ 6 տարի առաջ: Սա քաղաքական սնանկության ամենաակնառու երևույթներից մեկն է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրեսը» Ազատության հրապարակում նստացույց էր անցկացնում, իսկ մարտի 1-ին ընդդիմության և իշխանության միջև բախում տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:
Նախարարն ընդգծեց, որ ինքը լավ է հիշում, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր մարտի 1-ը, զոհերի հիշատակը և այդ իրադարձություններն առհասարակ:
Հարցին, թե ում նկատի ունի, նա պատասխանեց. «Ժողովուրդ, դուք լուրջ ու խելացի մարդիկ եք, ձեր ընթերցողները ևս շատ խելացի մարդիկ են, վստահաբար պետք չի, որ ես ամեն ինչ ծամեմ… հաստատ պետք է թողնեմ մի քիչ տեղ նաև մտավոր աշխատանքի համար»։
Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նախաձեռնությանը՝ 2014թ-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը անցկացնել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, այսինքն` այնտեղ, որտեղ եղել են 2008թ-ի նույն գիշերը, Արմեն Աշոտյանը ողջունեց և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես նման նախաձեռնություն իրականացնելու առիթ ունի՝ ի տարբերություն Լևոն Զուրաբյանի: