Քաղաքական 

Բակո Սահակյանի ուղերձը՝ ԵԿՄ 10-րդ համագումարի կապակցությամբ

Ուղերձում ասված է.

«Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ,

Համագումարի հարգարժան մասնակիցներ,

Ի սրտե ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում միության հոբելյանական` 10-րդ համագումարի կապակցությամբ:

Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին և առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ: 

Հայ ժողովրդի արժանի զավակների սուրբ արյամբ են գրվել մեր նորագույն պատմության ոսկե էջերը: Նրանց սխրանքն ու հերոսությունն ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման և հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն:

Թանկագին բարեկամներ,

Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, համագումարի մասնակիցներին` հաջող ու արդյունավետ աշխատանք»:

Նույն շարքից