ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակում է Կոտայքի մարզում: Այս պահին նա քաղաքացիների հետ հանդիպում է Չարենցավանում: Չարենցավանում Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհատեցին N 3 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները՝ պահանջելով լուծում տալ իրենց հարցին:
Հիշեցնենք, որ Չարենցավանի N 3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իրենց աջակցությունը հայտնելով դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին։ Վերջերս անցկացված մրցույթում Կարապետյանը չի վերընտրվել տնօրենի պաշտոնում։ Մրցույթում հաղթել է մեկ այլ դպրոցի ուսուցչուհի՝ Աննա Բալյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ հարցով կզբաղվի, սակայն դպրոցի ներկայացուցիչները, «ոչ» գոռալով պահանջեցին իրենց հարցին լուծում տալ: Այն բանից հետո, երբ Փաշինյանը չկարողացավ համոզել քաղաքացիներին, որ դա րոպեական լուծվող հարց չէ, ստիպված եղավ իջնել բեմահարթակից և զրուցել դպրոցի անձնակազմի հետ:
Կողմերը կարծես թե համաձայնության եկան, Փաշինյանը վերադարձավ բեմահարթակ՝ խոստանալով օբյեկտիվ լուծում տալ հարցին, ինչին հաջորդեց քաղաքացիների ծափերը: «Բայց դուք իմ ասածից ինչ հասկացաք, որ ծափ եք տալիս»,-կատակեց վարչապետը՝ փակելով թեման: