Հայաստան 

ԲՀԿ-ում հրաժարականների շքերթ կլինի. ֆրակցիայում կմնա 10 պատգամավոր

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 13-ից սկսած ԲՀԿ խմբակցությունը, որն իր մեծությամբ երկրորդն է խորհրդարանում, էականորեն փոքրացել է: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանն ու Գրիգորի Մարգարյանը: ԲՀԿ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել են Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը, որոնք չեն կարող դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, քանի որ կկորցնեն պատգամավորական մանդատը:


Չհերքված տեղեկություններ են տարածվել նաեւ, որ ԲՀԿ-ն կլքեն Մարտուն Գրիգորյանը, Աբրահամ Մանուկյանը, Վարդան Օսկանյանը:

Այսօր արդեն տեղեկություններ կան ԲՀԿ-ն լքելու մտադրություն ունեցող այլ անձանց մասին: Հեռացողների օրինակին կարող են հետեւել պատգամավորներ Արմեն Ավետիսյանը, Արշակ Մխիթարյանը, Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը, Արա Արամյանը:


Սա ԲՀԿ-ն լքողների ամբողջական ցուցակը չէ, եւ վաղը հայտնի կլինեն նաեւ այլ անուններ: Հնարավոր է, որ կուսակցությունը լքեն մարդիկ, որոնք դատապարտում էին առաջին դուրս եկողներին՝ հայտարարելով, որ կուսակցությունը նման դժվարին պահին չի կարելի դավաճանել: Այդպիսի դասական օրինակ կարող է լինել Վահան Բաբայանը:


Եթե ԲՀԿ-ից դուրս եկողների ձնագունդը իսկապես գլորվի, ապա 36-հոգանոց խմբակցությունից լավագույն դեպքում կարող է մնալ 10 պատգամավոր: Քաղաքական դաշտի հսկան կլրացնի գաճաճ կուսակցությունների ցանկը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից