Հայաստան 

ԲՀԿ-ում քննարկում են Ծառուկյանին մանդատից զրկելուն հացադուլով պատասխանելու հարցը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում ավարտվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխատանքային քննարկում է եղել, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամները քննարկել են երկրում տիրող իրավիճակն ու նաև անդրադարձել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հավանականությանը: «Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հավանականության հարցի քննարկման ժամանակ տարբեր մոտեցումներ են քննարկվել, այդ թվում՝  ԲՀԿ-ական պատգամավորների կողմից հացադուլ անցկացնելու տարբերակը: Բայց դեռ քննարկվելիք հարց է»,- նշեց Բաբայանը: 


Հարցին, թե ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը վերաբերում պատգամավորների՝ հացադուլ անցկացնելու տարբերակին, Բաբայանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը նիստին չի մասնակցել: Պատգամավորը տեղեկացրեց, որ նիստը վարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Դա տարբերակներից մեկն է եղել, որը քննարկվել է նիստում` արագ արձագանքման տարբերակներից մեկը միայն»,- ընդգծեց Բաբայանը:


Նա նաև շեշտեց, որ երկրում այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ ԲՀԿ-ն աշխատանքային քննարկումներ անցկացնում է ամենօրյա ռեժիմում, իսկ կայացված որոշումների մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն:

Նույն շարքից