Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամպ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի հետ կապված խնդիրներին, ասաց, թե այն իր էությամբ խիստ խորհրդանշանական նշանակություն ունի հայերի համար և ուղիղ կապ ունի Հայոց ցեղասպանության պատմության հետ:
«Բնական է, որ Ստամբուլում բնակվող հայերն ամեն կերպ փորձում են հետ բերել «Քամպ Արմենը»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ ավելի վաղ հայտարարություն էր եղել, որ այն հանձնվել է հայերին, սակայն փաստն այն է, որ սեփականության վկայականը չի տրվել հայերին:
«Պայքարը դեռ շարունակվելու է, և լավատեսություն ունեմ, որ հաղթանակով է պսակվելու այդ պայքարը: Այս կառույցը մշտապես եղել է պետության թիրախը, քանի որ ուղիղ կապ ունի Հայոց ցեղասպանության հետ»,- նշեց թուրքագետը՝ նկատելով, որ թուրքական իշխանությունները փորձեցին ընտրությունների նախաշեմին «Քամպ Արմենի» դեպքն օգտագործել քարոզչության ժամանակ, սակայն ապարդյուն: