«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ Ազգային ժողովի նիստում հնչեցրած հարցն՝ ուղղված Կառավարությանը, վերաբերում էր նոր ստեղծվող Հակակոռուպցիոն խորհրդին, որի ղեկավարներ են նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ՝ Ռուբիկ Հակոբյանին փորձեց «համոզել», որ հանձնաժողովում ընդգկված են նաև ՀԿ-ներից ու խորհրդարանական ընդդիմադիրներից ներկայացուցիչներ։
«Իմ մոտեցումն այն է, որ մենք բոլորս միասին պետք է վերհանենք, քննարկման առարկա դարձնենք բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ ու հնչում են տարբեր հարթակներում՝ օրենքի շրջանակներում ներգրավելով իրավապահներին: Մենք որևէ կաշկանդվածություն չունենք որևէ անձի, գործարարի նկատմամբ պարտավորություն չունենք»,-ասաց վարչապետը, ով պնդեց, թե ցանկության առկայության դեպքում հարցին լուծում կտրվի:
«Ինձ համոզելու խնդիր չունեք»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ հեշտ է համոզվում, եթե փաստարկները տրամաբանության դաշտում են։
«Եթե պետությունը նորմալ ժողովրդավարական պետություն է, ապա վերահսկողական գործառույթները տրվում են ընդդիմությանը, դուք հիմա ասում եք՝ կձևավորենք, նաև ձեզնից կհրավիրենք»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ նախկինում նման հանձնաժողովները նույն սկզբունքով են ձևավորվել, և կոռուպցիան դրանից չի քչացել, նույնսիկ ավելացել է:
«Կուզենայի, որ մի քիչ օգտվեիք համաշխարհային փորձից և այնպիսի հանձնաժողով ստեղծեիք, որն անկաշկանդ կլիներ, ինպես Դուք եք ասում, խոսքս Ձեր անձին չի վերաբերում»,-ասաց պատգամավորը և խորհուրդ տվեց Հովիկ Աբրահամյանին, որ վերջինս չղեկավարի այդ խորհուրդը, և բարձրագույն իշխանությունից որևէ մեկը չլինի այդ հանձնաժողովում:
«Մենք ասում ենք՝ բոլորս միասին խնդրին լուծում տանք, քննարկումների արդյունքում է այս որոշումը կայացվել: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին խնդիր լուծենք, ժողովրդի առջև անարդարությունները միասին լուծենք։ Ապրիլ ամսին լրանում է մեկ տարին, որ ես վարչապետ եմ, որևէ մեկը թող հնչեցնի, ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին կամ ԱԺ նախագահ եղած տարիներին կամ որևէ բիզնեսի հետ սերտաճաճ եմ, տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսակցություններ են տարածում»,-ասաց վարչապետ