Քաղաքական 

Բրիտանացի նախարարը համակարծիք է ԼՂ հակամարտության կարգավորման՝ Ուորլիքի ներկայացրած տարբերակին

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում պաշտոնյան կոչ է արել բանակցող բոլոր կողմերին վերջնական լուծում գտնել ԼՂ հակամարտության համար։

 

Ինչպես հայտնում է gov.uk կայքը, Լիդինգթոնի ուղերձում նշվում է, որ «թեև 20 տարի առաջ այս օրը կնքված հրադադարը վերջ դրեց դաժան մարտերին, այնուհանդերձ իրական խաղաղությունը դեռևս նվաճված չէ»։

 

«Դիպուկահարների կրակոցները շարունակում են հակամարտող 2 կողմերից էլ մարդկային կյանքեր խլել. երբեմն կռվող զինվորները շատ ավելի երիտասարդ են, քան ինքը՝ հրադադարը։ Մարդասիրական ճգնաժամը շարունակվում է՝ 100.000-ավոր տեղահանված մարդկանց զրկելով իրենց խնդրի կոնկրետ լուծումից։ Խաղաղություն հնարավոր կլինի միայն 2 կողմերի փոխզիջումների արդյունքում, ինչն այսօր շատ դժվար է»,- նշել է Լիդինգթոնը՝ հավելելով, որ 2 ժողովուրդները ժամանակին կարողացել են միասին խաղաղ պայմաններում գոյատևել։

 

Պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև կապ ու հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու պարտավորությանը։

 

«Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որոնք շարունակում են ջանք չխնայել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում առաջընթաց արձանագրելու համար»,- նշել է Լիդինգթոնը։

 

Նախարարն իր ուղերձը եզրափակել է՝ ասելով, որ համաձայնության գալու համար անհրաժեշտ հիմնական տարրերը, որոնց մեջ է նաև «շրջափակված տարածքների վերադարձը», հստակորեն ներկայացվել էին մայիսի 7-ին՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից։

 

«Ես լիահույս եմ, որ 2 երկրների կառավարություններն այս որոշումը կյանքի կոչելու համար քաղաքական քաջություն կցուցաբերեն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»,-ասել է բրիտանացի պաշտոնյան։

Նույն շարքից