ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջումից հետո ընթերցեց ԱԺ հայտարարության նախագիծ, որում իրավապահներին կոչ էր արվում արագ հայտնաբերել և խստորեն դատապարտել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին և «մյուս քաղաքացիների» նկատմամբ բռնություններին մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ:
«Ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը ԱԺ–ի և անձամբ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, հայտարարում ենք, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և, հատկապես, քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությունը և կարող են ավելացնել անհարկի լարվածություն հասարակության շրջանում»,- ընթերցեց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցությունները՝ եռյակի և ՕԵԿ խմբակցության, այսօր ԱԺ նախագահից պահանջեցին ընդհատել այս արտահերթ նիստը և արտահերթ կարգով քննարկել Արամ Մանուկյանի և ազատամարտիկներին ծեծի ենթարկելը, սակայն ԱԺ նախագահը նշել էր, որ այդ արտահերթը ցանկության դեպքում կարող է տեղի ունենալ ժամը 18-ից հետո, իսկ այս արտահերթը որևէ կապ չունի դրա հետ:
Չնայած սրան, բոյկոտողները ԱԺ դահլիճ չվերադարձան: ԱԺ նախագահը խորհրդարանական ուժերին առաջարկեց միանալ հայտարարությանը և ավելացրեց, որ քանի որ այն հայտարարության նախագիծ է, կարող է քննարկվել և լրացվել նոր ձևակերպումներով ու փոփոխություններով: