Հասարակություն 

Գիշերային ակումբի մոտ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է Ալեք Մանուկյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Ս.Սուքիասյանը հունվարի 14-ին՝ ժամը 02-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ  գիշերային ակումբի մոտ վիճաբանել է նույն ակումբի հաճախորդներ Է.Հայրապետյանի, Ա.Մարգարյանի, ապա նաև՝ Մ.Մարտիրոսյանի և Ռ.Գասպարյանի հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունվարի 18-ին  որոշում է կայացվել՝ Ս.Սուքիասյանին  ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 9-րդ կետերով (Խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց ծանր մարմնական վնաս պատճառելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն շարքից